Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Երբեք որևէ կոչման չեմ սպասել ու չեմ վազել դրա հետևից»

«Երբեք որևէ կոչման չեմ սպասել ու չեմ վազել դրա հետևից»
10.10.2008 | 00:00

«ՍԻՐԵՑԵ՛Ք ԶՄԻՄԵԱՆՍ»
Այս տարի ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ավարտեց իր նոր` մոտավորապես ութ տարի տևած «Սիրեցե՛ք զմիմեանս» ստեղծագործությունը, որը երաժշտությունից վերածվեց մեր երգարվեստի պատմության մեջ նախադեպը չունեցող մի նախագծի: Ինչպես «Ադանա» նախագծում, այստեղ էլ Արա Գևորգյանին հաջողվեց իր երաժշտության շուրջը համախմբել աշխարհի հայտնի կատարողների ու երաժիշտների: Սա խաղաղասիրական բնույթի ստեղծագործություն է, որտեղ տարբեր ազգերի անվանի երաժիշտները` հնդիկը, արաբը, չինացին, հույնը, շոտլանդացին, վենեսուելացին, մոլդովացին, թուրքմենը, հայը և ուրիշներ իրենց ազգային երաժշտական գործիքներով ու մեղեդայնությամբ համայն աշխարհին խաղաղության կոչ են անում:
«Սիրեցե՛ք զմիմեանս»-ի հեղինակային իրավունքները պաշտպանվում են ամերիկյան հեղինակային իրավունքների կոմիտեում, և այդ փաստաթղթերը պահպանվում են ամերիկյան կոնգրեսի գրադարանում: Այս երաժշտությունը «Շարմ» ընկերության շնորհիվ նաև տեսահոլովակ ունեցավ, որի ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, իսկ «Պրոքսի» ընկերությունը նկարահանեց ութ րոպե տևողությամբ ֆիլմ ու ևս մեկ տեսահոլովակ: Երաժշտի նոր ձայնասկավառակի տուփի դիզայնի հեղինակը ամերիկաբնակ հայազգի նկարիչ Գագիկ Հովհաննիսյանն է: Մինչ սկավառակի թողարկումը նրա շապիկն արդեն հասցրել է առաջին մրցանակի արժանանալ, և «Լուպս» հագուստների ընկերությունը, գնելով այդ դիզայնը, որոշել է այս տարվա իրենց հագուստները և հատկապես վերնաշապիկները կարել և վաճառել Ա. Գևորգյանի ձայնասկավառակի շապիկի դիզայնով, որից երաժիշտն արդեն նվեր է ստացել: «Ներկայումս ես օգնության կարիք ունեմ այս ֆիլմը տարբեր երկրներում ներկայացնելու և տարածելու, այդ երկրների հեռուստակայաններում կապեր հաստատելու առումով, քանի որ այն խաղաղության համընդհանուր կոչ է: Ես անգամ վախենում եմ, որ այն մարդիկ, ովքեր արդեն տեղյակ են այդ նախագծի գաղափարին, կստեղծեն նման մի նախագիծ և ինձանից շուտ կտարածեն աշխարհում»,- մտահոգվում է երաժիշտը:
Ա. Գևորգյանի` արդեն հայտնի մյուս նախագիծը` «Ադանան», նույնպես շարունակական բնույթ ունի. այն արդեն աշխարհի տարբեր անկյուններ է հասցրել մեր բողոքն ու պահանջը` ճանաչել հայոց ցեղասպանությունը: «Այս ակցիայի լրջությունը կայանում է նրանում, որ մենք մեր բողոքը հայտնում ենք տարբեր լեզուներով և հենց իրենց` երգիչների միջոցով»,- ասում է Ա. Գևորգյանը:
Նրա նոր ստեղծագործություններից հաջորդը «Հայ մարզիկների օրհներգն» է (խոսք` Արամայիս Սահակյանի), որը կատարում են Լեյլա Սարիբեկյանն ու Արամեն: «Այդ երգն այս տարի բավական հաջողակ դարձավ մեր մարզիկների համար, նրանք վերադարձան հաղթանակով ու մեդալներով»,- կատակում է երաժիշտը:
Մինչև տարեվերջ կթողարկվի երգահանի նոր ձայնասկավառակը ևս, որը կկոչվի «Վաղարշապատ» կամ «Արտաշատ»: Կթողարկվի նաև նրա լավագույն համերգների ընտրանին` DVD տարբերակով:
-«Ադանայից» հետո Դուք ընկղմվեցիք մի նոր` կրկին շատ կարևոր թեմայի մեջ, այն է` խաղաղություն: Իսկ Ձեր առանձնահատկությունն այն է, որ Դուք համայն աշխարհին ոչ միայն ներկայացնում եք երևույթը, այլև միասնության և իրականությունը չանտեսելու կոչ եք անում: Ի՞նչ եք ակնկալում այդ կոչից:
-Աշխարհում մենք ազգի մի տեսակ է, որն իր երեխաների ծնվելու պահից մինչև կյանքի ավարտն ուղղակի տառապում է նրանց խնդիրներով և, կարելի է ասել, ապրում նրանց համար` մոռանալով սեփական կյանքը: ՈՒստի, կարծում եմ, որ թե՛ մեզ, թե՛ մեր երեխաների համար ավելի հեշտ ու հաճելի կլինի ապրել խաղաղ մթնոլորտում, որտեղ չեն կռվում, չեն ստում, չեն չարանում և այլն: Իսկ այս ամենը հնարավոր է միայն մի դեպքում, եթե մարդիկ սիրեն միմյանց: Ես ուզում եմ հավատալ, որ ինչպես «Ադանան», այս նախագիծն էլ իր ազդեցությունը կթողնի մարդկանց հոգեբանության վրա, որովհետև երաժշտությունը, իսկապես, ամենազոր է: Նոյեմբերի տասնհինգից կսկսվի իմ համերգային շրջագայությունը` «Խաղաղություն» խորագրով, որը կտևի երկու տարի: Այն իրականացնելու է ավստրալական մի կազմակերպություն: Համերգային ծրագրերով հանդես կգանք Ավստրալիայում, Հալեպում, Դամասկոսում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Մոնրեալում, Տորոնտոյում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Արաբական Միացյալ էմիրություններում, Հունաստանում, Հնդկաստանում: Համերգային ծրագիրը կամփոփվի Հայաստանում: Ընդ որում, յուրաքանչյուր երկրում համերգը կայանալու է տվյալ երկրի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ: «Սիրեցե՛ք զմիմեանս»-ն ունի նաև երգային տարբերակ (տեքստի հեղինակն է ֆինլանդացի Ինկան), որտեղ կրկին աշխարհի տարբեր ազգերի հայտնի երգիչները խաղաղություն են երգում:
-Վերամշակելով «Դլե յամանը»` Ձեզ հաջողվեց երկարացնել բոլորիս հարազատ այդ երգի կյանքն ու փոխանցել այն նոր սերնդին, այն սերնդին, որը տարված է օտարամոլ երգերով և գրեթե անտեսում է հայկական ժողովրդական երգը, որը մեր մշակույթի արժեքավոր էջերից է:
-Իմ հաջողությունը հիմնականում վերամշակումից սկսվեց: Պետք է խոստովանեմ, որ «Դլե յամանը» վերամշակելն ու նրան ժամանակակից շունչ հաղորդելը հեշտ չէր, քանի որ ավելի հեշտ էր վնասել այն, քան նոր, գեղեցիկ զգեստավորում տալ: Այդ քայլին դիմելիս ես մեծ ռիսկի դիմեցի` ռիթմիկ պատկեր տալով նրան, որն անռիթմ երաժշտություն է: Մեր երիտասարդությունը, այո, հատկապես մի քանի տարի առաջ տարված էր հայերեն լեզվով թուրքական, արաբական ու պարսկական երաժշտությամբ երգերով, ինչի պատճառով տուժում ու մոռացվում էր ժողովրդականը: Ես ցավով եմ ասում, որ Կոմիտասի «Կռունկը» լսում էինք միայն Ծիծեռնակաբերդի ճանապարհին, քանի որ այն դուրս էր մնացել նաև հեռուստատեսությունից: Այսօր վերամշակվել է նաև «Կռունկը» և նույնպես ծանոթ է երիտասարդությանը: Իսկ որտե՞ղ է «Հեյ ջան, հեյ ջան» երգը: Պատասխանը մեկն է` չի վերամշակվել ու մոռացվել է: Այսօր երիտասարդության շրջանում արդեն փոփոխություն կա մեր երգարվեստի հանդեպ, լսում են նաև հայ երգիչներին: Նրանց` մեր երգարվեստի ու հատկապես ժողովրդականի հանդեպ անտարբեր լինելու համար մենք էլ մեղքի մեր բաժինն ունենք: Մարդը հետևում է ժամանակի թելադրանքին, իսկ ժամանակը նոր շունչ է պահանջում: Շարունակ լալագին երգեր լսել չես կարող: Տարիներ առաջ դուդուկն ինչո՞ւ այսքան տարածում չուներ: Հոլիվո՞ւդը չկար, թե՞ ֆիլմեր չէին նկարահանվում: Այսօր դուդուկն ավելի սիրված է, որովհետև այն նորովի մատուցվեց ու դարձավ հասկանալի` Պիտեր Գաբրիելի, Ջիվան Գասպարյանի շնորհիվ:
-Վերամշակման ժամանակ ի՞նչն է կարևոր պահպանել:
-Միանշանակ՝ երգի մեղեդայնությունն ու հուզականությունը:
-Հայերս մի ցավալի սովորույթ ունենք` մեր լավագույն արվեստագետներին հաճախ չենք գնահատում ճիշտ ժամանակին ու հետմահու ենք նրանց կոչումներ տալիս: Դուք Ձեզ գնահատված համարո՞ւմ եք մեր երկրում:
-Ես երբեք որևէ կոչման չեմ սպասել ու չեմ վազել դրա հետևից: Ավելին, համարում եմ անգամ, որ 2004-ին արժանանալով հանրապետության վաստակավոր արտիստի կոչման, արժանի չէի, քանի որ մայրս` Վալյա Սամվելյանը, 38 տարի երգելով պրոֆեսիոնալ բեմում, չստացավ այդ կոչումը: Դա ինձ համար ցավալի է:
-Երաժշտի հաջողության գրավականը ո՞րն է:
-Տաղանդը և կրթությունը, հետո նոր՝ աշխատասիրությունը: Այլապես կմնաս սիրողական մակարդակի վրա: Երաժշտությամբ զբաղվելն ամեն մարդու համար չէ, որովհետև երաժիշտն իր ապրումներն ու հույզերը պետք է կարողանա ճիշտ, գրագետ ու ազդեցիկ փոխանցել ժողովրդին:
Զրուցեց Արմինե ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4512

Մեկնաբանություններ